13.07.2017   ԿԱՅԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

ԼՍՎԵԼ Է 2017Թ. ԲՅՈՒՋԵԻ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

 

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ հուլիսի 13-ին կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը:

Նիստում քաղաքային համայնքի 2017թ. բյուջեի առաջին կիսամյակի կատարման մասին հաղորդումով հանդես է եկել քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

Ըստ բանախոսի, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2017թ. 1-ին կիսամյակի ընդհանուր մուտքերը կազմել են 593024.9 հազ.դրամ: Ընդ որում, ընդհանուր մուտքերի 26.0 %-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով պլանավորված 178922,0 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 154024,9 հազ.դրամ /կատարողականը կազմում է 86,1%/: Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 34375,5 հազ.դրամ, հողի հարկից գանձվող մուտքերը` 3884,8 հազ.դրամ:

Առաջին կիսամյակում փոխադրամիջոցներից մուտքագրվել է 52733,3 հազ.դրամի գույքահարկ: Տեղական տուրքերի գծով մուտքագրվել է 35691,5 հազ.դրամ, որը կազմում է նախատեսված 23940,0 հազ.դրամի 149,1 %-ը: Նախատեսված 6636,0 հազ.դրամի դիմաց պետական տուրքերի գծով մուտքագրվել է 8093,5 հազ.դրամ կամ կատարողականը կազմել է 122,0 %: Համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտների 74,0 %-ը կազմել են պետական բյուջեից տրամադրվող պաշտոնական դրամաշնորհները: 2017թ. 1-ին կիսամյակի բյուջեի պլանավորված դոտացիայի գումարը կազմել է 573065,0 հազ.դրամ, որից հատկացվել է 439000,0 հազ.դրամ:

Հողերի վարձակալության մասով համայնքային բյուջեի եկամուտները պլանավորված 3150,0 հազ.դրամի փոխարեն կազմել են 2266,9 հազ.դրամ /հողի վարձավճարի դիմաց գանձվող վարձավճարների մասով 851,7 հազ.դրամի չափով չվճարված գույքահարկի նյութերը գտնվում են դատարանում/: Գույքի վարձակալությունից եկամուտների կատարողականը կազմել է 132,9%: Հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարների մուտքերը կազմել են 1433,0 հազ.դրամ: Տույժերից և տուգանքներից մուտքերը կազմել են 1641,5 հազ.դրամ կամ կատարողականը կազմել է 156,3 %: Քաղաքային համայնքի 2017թ. 1-ին կիսամյակի բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 597970,4 հազ.դրամի չափով, որը կազմում է պլանավորված 758556,7 հազ.դրամի 78,8 %-ը:

Անդրադառնալով քննարկվող խնդրին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, թե չնայած բոլոր հարկատեսակների գծով /բացի գույքահարկից/ գերակատարվել են մուտքերը, սակայն ընդհանուր արդյունքները գոհացնել չեն կարող: Նա աններելի համարեց, որ որոշ հարկատուների կողմից չեն ապահովվում պարտադիր վճարումները, ինչի պատճառով հարցականի տակ է դրվում հարկերի հավաքագրումը: Իսկ ամենևին էլ գաղտնիք չէ, որ համայնքային բյուջեն գոյանում է նաև նախատեսված այդ գումարներից, ինչը կարևոր նախապայման է կենսական նշանակության խնդիրների լուծման տեսանկյունից: Ս.Գրիգորյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին հորդորեց քարոզչական աշխատանքներ իրականացնել հարկատուների հետ, հարկերից խուսափողներին ենթարկել վարչական տույժերի:

Ավագանին ի գիտություն ընդունեց քաղաքային համայնքի 2017թ. բյուջեի 1-ին կիսամյակի կատարման մասին հաղորդումը:

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամներին` 2017թ. 2-րդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով նիստում որոշում ընդունվեց քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 450 հազ.դրամ հատկացնելու մասին: Ավագանին իր համաձայնությունը տվեց համայնքի սեփականություն հանդիսացող Առաքելյան փողոցի 1-ին շենքի թիվ 10, 11 սենյակները, ինչպես նաև Տիգրան Մեծ փողոցի 18-րդ շենքի թիվ 33 սենյակը նվիրատվության կարգով օտարելու մասին նախագծերին:

Ամփոփելով նիստի աշխատանքները, քաղաքապետը նաև պատասխանեց ավագանու անդամների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն