17.02.2017   ԱՌԱՏ ՁՅՈՒՆԸ ՆՈՐԻՑ ՀՈԳՍԵՐ Է ԲԵՐԵԼ ՔԱՂԱՔԻՆ

ՁՆԱՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՁՆԱՀԵՌԱՑՄԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

 

  Փետրվարի 17-ին ամբողջ գիշերը տեղացած առատ ձյունը` <<հաճելի զգացումների>> հետ մեկտեղ, նոր հոգսեր և խնդիրներ է բերել  ստեփանակերտցիներին:

 Տեղացած աննախադեպ ձյան պատճառով մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերի բնակչության առանձին հատվածներում դժվարանցանելի են դարձել փողոցները: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով, ձնամաքրման աշխատանքներին իր համեստ տեխնիկայով դեռ կեսգիշերին է ձեռնամուխ եղել <<Սանմաքրում>> ոչ առևտրային կազմակերպության կոլելտիվը` հաղթահարելով ոչ քիչ դժվարություններ: Առավոտյան նրանց են միացել քաղաքապետարանի աշխատակազմը, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>,  Ակադեմիկոս Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>>, ինչպես նաև <<Ջրմուղ-կոյուղի>> փակ բաժնետիրական ընկերությունների աշխատակիցները, փորձելով առատ ձյան շերտերից մաքրել փողոցներն ու մայթերը, բազմաբնակարան շենքերի բակերն ու աստիճանները, հրապարակները, հիմնարկ-ձեռնարկություններին հարող տարածքները:

 Քանի որ տեղումները շարունակվում էին ամբողջ օրվա ընթացքում և, բնականաբար, քաղաքի կենսապահովման, մասնավորապես` տրանսպորտային անխափան երթևեկության համար ստեղծվել էին դժվարություններ, քաղաքապետարանը, ելնելով իրավիճակի արագ շտկման անհրաժեշտությունից, ձնամաքրման աշխատանքներին ներգրավեց նաև մասնավոր որոշ տնտեսությունների` մի քանի միավոր տեխնիկայի ընդգրկմամբ:

 Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի խոսքով, ով  համակարգում է իրականացվող աշխատանքները, փողոցներում, մայթերում, առավել երթևեկելի տարածքներում պարբերաբար ավազի և աղի խառնուրդ է ցանվում, որպեսզի մերկասառույցներ չգոյանան, ծառերն ու թփերն ազատվում են ձյան հաստ շերտից: Նրա համոզմամբ, ժամանակակից, ձնահավաք տեխնիկայի ձեռքբերումը գերխնդիր է մնում <<Սանմաքրում>> ոչ առևտրային կազմակերպության համար, ինչը կնպաստեր ձնամաքրման աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը: Միևնույն ժամանակ նման  արտակարգ պայմաններում, նա կարևորում է հիմնարկ-ձեռնարկությունների և տնտեսվարող սուբյեկտների, ուսումնական հաստատությունների աջակցությունը` ձնահեռացման կազմակերպման գործում: 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն